Առողջապահություն 1.2012
Անպտղությունը դատավճիռ չէ...
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:
Առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է երեխա մեծացնելու երջանկությունից: Բացի այդ, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ և հոգատարությամբ, ուստի առաջին իսկ դժվարություններին բախվելիս հաճախ հեշտությամբ բաժանվում են:
Աշխարհում շուրջ 80 մլն մարդ, հատկապես զարգացող երկրներում, տառապում է անպտղությամբ, որի հաճախականության ցուցանիշը տարբեր երկրներում տարբեր է: Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ:
Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, ցավոք, վիճակը տարեցտարի ավելի է բարդանում արտաքին միջավայրի բացասական ազդեցության, վնասակար սովորությունների, սթրեսային վիճակների և, իհարկե, ամենակարևորը` ժամանակին մասնագետի չդիմելու պատճառով:
Անպտուղ ամուսնությունը քայքայում է ոչ այնքան երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես քայքայում նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելի լինելը խեղդում է ուրախության այն զգացումը, որը պարգևում է ամուսիններին սեռական կյանքը, որը և հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:
Անպտուղ ամուսնությունը սոցիալական և բժշկական կարևոր հիմնախնդիր է, քանի որ յուրաքանչյուր չորրորդ ընտանիք կանգնում է ամուսնալուծվելու փաստի առջև:
Անպտուղ է համարվում ամուսնությունը, երբ կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում հակաբեղմնավորիչ միջոցների չօգտագործման պարագայում կինը չի հղիանում: Ոչ վաղ անցյալում սերունդ չունենալու համար հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Այժմ արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է «մեղավոր» լինել թե´ կինը, թե´ տղամարդը:
Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ: Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնայինը պայմանավորված է սերմնահեղուկի ախտաբանական փոփոխություններով (սպերմատոզոիդների ոչ բավարար քանակություն և շարժունակության պակաս, երբեմն էլ դրանց լրիվ բացակայություն): Բազմազան պատճառների մեջ առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված` մասնագիտական գործունեության վնասակարությունը, զարգացման բնածին արատները: Հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում ու չեն իջնում ամորձապարկ, և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով. դրա նեղացումը հանգեցնում է ամորձաերակում արյան հակառակ հոսքին և սերմնատար երակների լայնացմանը:
Երկրորդային անպտղությունը, որպես կանոն, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), պարօտիտի (խոզուկ), տուբերկուլոզի, բրուցելոզի, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեան (սուսանակ), տրիխոմոնիազը, քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզ: Սերմնատար ուղիները, սերմնաբշտերը և գեղձերը բորբոքվում են, հաճախ առաջացնելով կպումներ և կոշտություններ, սպերմատոզոիդների ելքին խանգարող մեխանիկական արգելք է ստեղծվում, և սերմը դառնում է անկենսունակ:
Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք հեռուն գնացող հետևանքների են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիները գերտաքացնել` հանգեցնելով անպտղության:
Հիմնական պատճառներից է նաև ոչ լիարժեք սնունդը
Տղամարդը պետք է սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործի: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սև շոկոլադ, նարինջ, թուրինջ և հատկապես քաղցր դեղին խնձոր: Մրգաշաքարն անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Չպետք է մոռանալ նաև կիտրոնի մասին, քանի որ այն նպաստում է սպերմատոզոիդների կյանքի երկարելուն: Շատ օգտակար են նաև ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:
Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն նաև շագանակագեղձի բորբոքման կանխարգելիչ միջոց է համարվում:
Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկապես առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սպերմատոզոիդի և ձվաբջջի քիմիական բացասական ռեակցիայով, որը խոչընդոտում է նրանց միացմանը:
Կանանց անպտղության պատճառները ևս տարբեր են, որոնք լինում են առաջնային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը հղիանալուց չի պաշտպանվում, սակայն չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դառնում վիժումից կամ մի քանի հղիությունից հետո:
Առաջնային անպտղության հիմնական պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառները լինում են ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար արգանդափողերը բորբոքվում են, և ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ դժվարանում է: Ավելին, բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փողերի լուսանցքները փակվում են, և սպերմատոզոիդն անկարող է լինում հաղթահարել այդ արգելքը: Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե դրա հետևանքով բորբոքումներ չկան, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում էնդոկրին գեղձերի գործունեությունը:
Լինում են դեպքեր, երբ հղիությունն ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով` ինքնաբեր վիժումով: Սա ևս անպտուղ ամուսնության պատճառներից է և պահանջում է տևական ու հետևողական բուժում:
Վտանգավոր է, երբ դեռահաս աղջիկները, հետևելով նորաձևությանը, նիհարելու սննդակարգ են պահում, որը նույնպես կարող է անպտղության պատճառ դառնալ: Սակայն պետք է հիշել, որ գեղեցկությունը գովազդող յուրաքանչյուր ստանդարտ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ անհատի հատկանիշները ձևավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, և նա գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը» անիրական է և հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:
Այն, որ կանանց վերարտադրողական ֆունկցիան անհամատեղելի է հյուծված և թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Նիհարեցնող սննդակարգերը խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի` ճարպերի և վիտամինների մուտքն օրգանիզմ, առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ.
- հիմնական և խիստ կարևոր հորմոնների` էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ ճարպերի և վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երևույթներ,
- հղիության բարեհաջող ընթացքի, պտղի նորմալ ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ:
Հիշեք, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան անհայտ սննդակարգերից: Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը, ինչպես նաև վնասակար սովորություններից, մասնավորապես ծխելուց հրաժարվելը: Այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշները:
Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ, կարևորը` չուշացնելն է: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...
Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...
Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...
Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...
Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...
Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն